Հակոբ Մովսեսն ինչպե՞ս է բացատրում այսքան կորուստներից հետո իր համագործակցությունն իշխանության հետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

«Հակոբ Մովսեսի քաղաքական ու հոգևոր բազմադիմակությունը
Հուլիսի 1-ին «Freenews Armenia»-ին տված հարցազրույցում գրող և մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը հայտարարել է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը, իմ կարծիքով, պետք է հրաժարական տա, սա կլինի արտակարգ լուծում այս հարցի, սա նաև իմ` քրիստոնյայի, իմ որդիական խնդրանքն է։ Մենք այս վիճակից կարող ենք դուրս գալ միայն այդ պայմաններով. Կաթողիկոսը չի կարող այլևս շարունակել իր գործունեությունը. մեր ժողովուրդը իրեն չի վստահում»։
Այս տխրահռչակ հայտարարությունը, որքան էլ Հակոբ Մովսեսը ձգտում է ներկայացնել որպես բարոյական հորդոր, իրականում քաղաքական շահարկում է՝ ուղղված հոգևոր ինստիտուտի հեղինակազրկմանն ու հասարակական տրամադրությունների մանիպուլյացիային, իսկ դրանից անդին՝ վայ-մտավորականի և ինքնությունից զուրկ բանաստեղծի պատեհապաշտ կեցվածք, վարչակարգի ծառայություն՝ բոլոր ժամանակներում։ Հակոբ Մովսեսի անցած ճանապարհը և ներկա գործունեությունը, նրա գործի և խոսքի զուգադրումը բացահայտում են լուրջ հակասություններ, անպատշաճություններ և իշխանության կարգախոսների պարզունակ անդրադարձներ։
Որտե՞ղ էր այս «որդիական խնդրանքը» Սուրբ Էջմիածնի կողմից տրվող «Կանթեղ» մրցանակն ստանալիս և «Շողակաթ» հեռուստաընկերությաբ հարցազրույց տալիս
2005 թ․ Հակոբ Մովսեսն արժանացավ Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տրվող «Կանթեղ» մրցանակին։ 2016 թ․ «Շողակաթ» հեռսուստաընկերությամբ հարցազրույց էր տալիս՝ գովերգելով Հայ Եկեղեցուն։ Այդ ժամանակ նրա մտքով չէր անցնում ու չէր բարձրաձայնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, ընդհակառակը՝ համագործակցում էր Մայր Աթոռի հետ՝ աջակցություն ստանալու ակնկալությամբ, և ինքնաներկայանում որպես Եկեղեցու գործընկեր-մտավորական։ Ինքնաբերաբար հարց է առաջանում՝ այն ժամանակ Հակոբ Մովսեսը չէր նկատո՞ւմ «ժողովրդի անվստահությունը», և հիմա ի՞նչ է փոխվել, ինչի՞ հիման վրա է նման պնդում անում։ Եվ, առհասարակ, Հակոբ Մովսեսը ո՞ր ժողովրդից է ստացել այդ անվստահության պահանջը կամ «երևակայության թռիչքով» իրեն ի՞նչ հատկանիշներով է օժտում։ Հայ ժողովրդի անունից հանդես գալն այս պարագայում, մեղմ ասած, մանիպուլյատիվ է՝ առանց որևէ վիճակագրական տվյալների, հանրային քննարկման վերջնարդյունքի կամ ինստիտուտցիոնալ կառուցվածքի ներկայացման։
Անձնական հաշվենկատությո՞ւն, թե՞ ազգաշահ մտահոգություն
Հակոբ Մովսեսը 2021 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի աղետալի ավարտից և հազարավոր զոհերից հետո, տալիս է իր գրավոր համաձայնությունը՝ որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու դառնալու ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ․ մի իշխանության կողմից թեկնածու, որի ժամանակ զոհաբերվեց Արցախը՝ այն էլ հազարավոր հայորդիների արյան հեղումով։ Եթե Հակոբ Մովսեսն իսկապես մտահոգ է ազգային ճգնաժամով, հայրենի երկրի ու ժողովրդի ճակատագրով, ապա թերևս որպես մտավորական՝ ինչպե՞ս է բացատրում այդքան կորուստներից հետո իր համագործակցությունն այս իշխանության հետ։ Ինչպե՞ս կարելի է ներբողական կեցվածքով ծառայել աղետալի հետևանքներով պատերազմում տապալված վարչակարգին և նրա հետ ձայնակցել՝ միաժամանակ քարկոծելով Եկեղեցուն ու Կաթողիկոսին, իբր դա է «արտակարգ լուծումը»։
Հակոբ Մովսեսի այս դիրքորոշումը դավաճանում է ոչ միայն հայ տղամարդու, առավել ևս մտավորականի բարոյատիպին, այլև ի ցույց է դնում նրա «արժեքային համակարգի» սնանկությունը։ Դա անձնական հաշվենկատությունից մղված քաղաքական քայլ է, ոչ թե անանձնական կամ ազգաշահ մտահոգություն։
Գրական հեղինակությունը և Հակոբ Մովսեսը
Գրական դաշտում Հակոբ Մովսեսը ևս շատ դեպքերում հանդես է եկել ոչ թե հանուն ստեղծագործական արժեքի, այլ ինտրիգային խաղերի։ Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը նրան անվանում է «գրական տրոլեյբուս»՝ մատնանշելով, որ Մովսեսի գրական ուղին զուրկ է ստեղծագործական խորքերից և անցողիկ է։ Բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը ժամանակին քննադատել է նրան՝ Վահագն Դավթյանի՝ Գրողների միության նախագահ դառնալուց հետո նրա դեմ կազմակերպած հակաքարոզչության համար։ Հայտնի է նաև Խաչիկ Մանուկյանի անհաշտ քննադատությունը վերջինիս իշխանահաճո, անարժանապատիվ, հակագրական կեցվածքի հանդեպ։ Վերջինս Հակոբ Մովսեսին բնորոշել է թերևս ամենադիպուկը․ «Խոսում է հայերեն, գրում է հայերեն, բայց զգում ես, որ հայ չէ, որ քո երկրի հոգսն ու ցավը, խինդն ու բերկրանքը խորթ են իրեն։ Քո զինվորի հերոսությունն իր համար չէ, ինքը կարող է թշնամուդ երկրում էլ հանգիստ բազմել և մարդաբանությունից ու արվեստաբանությունից խոսել։ Եվ քանի որ միտքը կարճ ու բեղերն են երկար՝ պստիկ հոգուց նաև թույն է ցփնելու անհասցե կամ հասցեավորված, հուսալով, որ երկրիդ հոգևոր ամրությունները կխարխլվեն»։ Մի խոսքով՝ Հակոբ Մովսեսը տարիներ շարունակ աչքի է ընկել ոչ թե ազնիվ պայքարով, այլ փորձել է ղեկավար դիրքի հասնել ներբողների ու մանիպուլյացիաների միջոցով։
Ահա թե ինչո՛ւ այսօր նա ընտրել է նույն մանիպուլյացիոն գործիքակազմը՝ քողարկելով այն հոգևոր բառաշղարշով՝ «քրիստոնյայի որդիական խնդրանք» դիմակով։ Բայց այն ի սկզբանե փուչ է, որովհետև հոգևոր բովանդակությունը բացակա է, և բարոյական անկումը՝ ակնհայտ։
Վերստին նույն հարցը․ ի՞նչ իրավունքով է խոսում հայ ժողովրդի անունից
Որտե՞ղ է հայ ժողովրդի կարծիքը։ Ո՞ր հարցման կամ քննարկման հիման վրա է Հակոբ Մովսեսը հայտարարում, թե ժողովուրդն «այլևս չի վստահում» Կաթողիկոսին։ Այս պնդումը խիստ վտանգավոր նախադեպ է, երբ անհատն սկսում է խոսել հանրության, առավել ևս ողջ ժողովրդի անունից՝ չունենալով ո՛չ լիազորություն, ո՛չ երախտիք, ո՛չ վստահություն։ Ժողովրդից վեր կանգնած այս մոտեցումը բերում է ոչ թե համերաշխության ու միաբանության, այլ անկայունության ու պառակտվածության։ Եկեղեցին մեր ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից է, և որևէ մեկի՝ առավել ևս քաղաքական դաշտում դիրքավորվող մտավորականի անձնական հավակնությունը չի կարող հիմք դառնալ Կաթողիկոսի հրաժարականի հանրային պահանջ ձևակերպելու։
Եզրակացություն
Հակոբ Մովսեսի հայտարարությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ ոչ միայն անհիմն է, այլև վտանգավոր։ Այն բխում է քաղաքական հիմքից, ոչ թե հոգևոր ակունքից։ Հ․ Մովսեսի անցած ուղին, պետական տարբեր իշխանությունների հետ համագործակցելու անդեմ, խամաճիկային պատրաստակամությունը, գրական և մշակութային միջավայրում նրա հանդեպ արձանագրված առողջ քննադատությունը գալիս են վերահաստատելու մեկ բան․ Հակոբ Մովսեսն այս պահին օգտագործում է իշխանության պաշտոնական վերաբերմունքը և Եկեղեցու շուրջ ձևավորված հասարակական զգայնությունը ՝ սեփական դիրքավորման նպատակով։
Այսօր, երբ ազգային միասնությունը և հոգևոր խաղաղությունը առավել, քան երբևէ, հրատապ են, նմանատիպ հայտարարություններն ու հայտնի կարգախոսների ծնծղահարումը վտանգավոր են և ապակառուցողական։ Հակոբ Մովսեսի քայլը ոչ թե «որդիական խնդրանք» է, այլ քաղաքական հաշվարկ։ Դա ոչ թե հոգևոր կոչ է, այլ գաղափարական մանիպուլյացիա՝ փաթեթավորված բարոյախրատական ծածկույթով։
Հ․Գ․ 1․ Ի դեպ, պարոն Հակոբ Մովսես, դուք «Կանթեղ» մրցանակ ստացել եք ոչ 2003 թ․, ինչպես ձեր ստորագրությամբ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ-թեկնածուի համաձայնության փաստաթղթում է նշված, այլ՝ 2005 թ․, ինչպես նշված է «Գրական թերթ»-ում։ Գոնե սեփական կենսագրությանը պետք է տիրապետել։
Հ․Գ․ 2․ Հուսանք, որ պարոն Հակոբ Մովսեսը կզղջա իր «որդիական խնդրանք»-ի համար և հրապարակային ներողություն կխնդրի»։
Արարատ քահանա Պողոսյան
–00—ՅՄ