Մնում է սովորական հայ մարդը, որ ուզում է մեկ բան՝ վերջ տալ Նիկոլի հայակործան իշխանությանը․ Աշոտյան

02/07/2025 23:40 Քաղաքական

Պատկերացնում եմ Հայաստանի մտահոգ և սրտացավ քաղաքացիների տարակուսանքն այս խայտառակ օրերին, երբ ամբողջ հայության իրական դարդն ու ցավը ուրիշ տեղ են, բայց երկրորդ նախագահին սպասարկող մեդիաները և գործիչները այլանդակությունների նոր սեզոն են բացել Սերժ Սարգսյանի և Հանրապետականի ուղղությամբ։

Այդ ճամբարի պահվածքը վաղուց զարմանալի չէ, նրանցից շատերը նույն փեշակին էին դեռևս 2008 թվականից՝ տարաբնույթ մեդիաաղբանոցներում ստի, կեղծիքի և թույնի այնպիսի դոզա գեներացնելով, որ նույնիսկ ՀԺ գլխավոր սուտասան Նիկոլը կնախանձեր։

Ապշեցուցիչ է այլ բան. երկրում մոլեգնող տեռորի, ռեպրեսիվ վակխանալիայի, ազգային բարերարի, սրբազանների, Արցախի պատգամավորի, զոհված հերոսի ծնողի, երիտասարդ կնոջ և մոտ երկու տասնյակ այլ անձանց քաղաքական կալանավորումների, եկեղեցու դեմ սանձազերծված գարշելի արշավի ֆոնին նրանք դեռ սիրտ, հավես և ճղճիմ շահեր ունեն ներընդդիմադիր եղկելի մուտիտների համար։

Ինչո՞ւ են դա անում, կհարցնեք դուք։ Պատասխանեմ. երկարաժամկետ առումով՝ «второй парень на деревне» կարգավիճակից կպչուն կերպով կառչելու պատճառով։ (Պատկերացնո՞ւմ եք. մշտապես Alfa ներկայացողները այժմ իրականում պայքարում են քրոնիկ Beta դերակատարման համար)։

Իսկ կարճաժամկետ առումով՝ այս ծանր օրերին գուցե երկրորդ նախագահի արձակուրդի լուրը «ջրելու» համար։ (Հանգստի դեմ անձամբ ոչինչ չունեմ, բայց համաձայնեք, որ հականիկոլական տրամադրությունների տեր մարդիկ դժվար թե ճիշտ ընկալեն «Война войной, а обед по расписанию»` մոտեցումը)։

Հերթական անգամ նրանց մեդիադուքյաններում եփած քարոզչական կուտը բերվում է ժամանակին սոլիդ և լուրջ համարվող լրատվական հարթակներ՝ այսպիսով արձանագրելով նրանց ոչ միայն բարոյական և բանական, այլև մասնագիտական անկումը։

Ինչի համար շաաատ ցավում եմ։ Չէ՞ որ մենք նույնիսկ 2018-ից հետո իրար չկորցրեցինք, եթե չասեմ ավելին։ Իսկ հիմա ի՞նչ է ձեզ պատահել, տղե՞րք (հավաքական դիմելաձև)։ Ձեզ լսելով ՝ ապշում եմ և ինքս ինձ ստոմատոլոգիական բոռ-մեքենայի համառությամբ բզզզում՝ «էս նո՞ւյն մարդն է, ում ես ճանաչել եմ…»։

Գուցե փորձում եք սվաղել Միքայել սրբազանի առաջադրման հետ կապված ձեր, կուլտուրական ասած, կոնֆուզը, երբ մի քանի ժամ ունենալով իր հետ այդ հարցը քննարկելու համար, գերադասեցիք նեղ անձնական քարոզչական նպատակների համար հեծել հասարակության էմոցիոնալ քամին, լցնել դրանով ձեռ առագաստները՝ միաժամանակ քարեր նետելով մե՞ր ուղղությամբ։

Եվ խնդիրը այն չէ, որ արդյունքում խայտառակվեցիք, որ քաղաքական սերֆինգի այդ փորձը տապալվեց, որ այդ էմոցիոնալ քամին ոչ թե ձեր առագաստը լցրեց, այլ գլխիվայր շուռ տվեց ձեր քարոզչական տախտակը։ Խնդիրն այն է, որ հերթական անգամ հուսահատեցրիք ժողովրդին, հիասթափեցրիք բոլոր սրտացավ մարդկանց։

«Սերժը կեղծում է սոցհարցումների տվյալները և մոլորեցնում Մոսկվային, Վաշինգտոնին և Փարիզին» ձեր այս զառանցանքի իրական հեղինակին մի օր, որ հանդիպեմ, մեծ մաղարիչ կանեմ։ Զարմացա՞ք։ Բացատրեմ։

Կասկած չունեմ, որ նման զառանցանք իր թարախաբորբ ուղեղում ծնելիս, նա չի էլ հասկացել, որ իրականում հարվածում է ոչ թե Սերժին, այլ հենց իր շեֆին, ում «Պուտինի ընկեր» իմիջի ձևավիրման վրա այդքան ջանք ու եռանդ էր դրվել նախորդ տարիներին։

Բա էդ ո՞նց եղավ, որ ըստ ձեզ, «Սերժին Մոսկվայում չեն սիրում», բայց նրան հաջողվում է «մոլորեցնել» ոչ միայն գերտերությանը, ով ձեր հիվանդ տրամաբանությամբ, մնացել էր երրորդ նախագահի սոցհարցումների հույսին, այլև «обгон» անել ՌԴ նախագահի հայաստանյան մտերիմին։ Փաստորեն, դուք ձեր զառանցանքով արձանագրում եք, որ Կրեմլում այդքան «проход» չունեք, որ Սերժին «հաջողվում է» տարիներ շարունակ Քոչարյանին կրել այնտեղ ազդեցության համար մրցակցությունում։ Հաա, էսքա՜ն խորը չէի՞ք մտածել այդ ապուշությունը գրելիս։

Սա ձեր հերյուրանքի միայն տրամաբանական ֆիասկոն է։

Կա նաև բովանդակայինը։ Դուք մեզ եք վերագրում մի բան, որ ինքներդ եք հինգ տարի անում՝ կեղծելով իրականությունը, կերտելով wishful thinking-ի bubble-ը, անտեսելով սոցիոլոգիական իրական տվյալները, վստահելով ձեր սեփական սազանդարներին։ Ինչպես կասեր Սերժի «կեղծած» սոցհարցումները այդպես էլ չստացած Կրեմլի չինովնիկը.` сами придумываете сказки и сами в них верите:

Այդպես եղավ 2021-ի ընտրություններին, այդպես եղավ Երևանում, այդպես եղավ Գյումրիում, որտեղ 4 ուժերի միախմբմամբ հազիվ կանխվեց Նիկոլի հաղթանակը։ Եվ այդպես, ցավոք, կլինի 2026-ին, եթե շարունակեք ձեր այսօրվա արատավոր վարքագիծը։

Մինչև կալանավորումս հրապարակավ խոստովանել եմ, որ 44-օրյա պատերազմը, որին որպես բժիշկ զորակոչվել էի, սպանեց իմ մեջ քաղաքական գործչին՝ այդ պահից սկսած ես չունեմ որևէ ձայնի կամ քվեի հիվանդագին հավակնություն։ Արցախի կորուստը և դրան հետևած զարգացումներն այժմ սպանում են իմ մեջ կուսակցականին՝ ես այլեւս չունեմ հատվածական, խմբային շահերի կպչուն գերակայություն։

Տակը մնում է սովորական հայ մարդը, ով հարյուր հազարավոր այլ մարդկանց պես և միասին ուզում է մեկ բան՝ վերջ տալ Նիկոլի հայակործան իշխանությանը։ Մնացած ամեն ինչը, բոլոր հին ու նոր խաղերը, ամբիցիաները, օպերացիաներն ու պրովոկացիաները, որ խանգարել ու խանգարում են այս նպատակին, աններելի են և ամոթալի։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

02.07.2025