«Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը»՝ Մատենադարանում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Մատենադարանում բացվեց «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով ցուցադրությունը։
Համաձայն Մատենադարանի գիտացուցադրական գործունեության բազմազանության հայեցակարգի՝ կարևորվում է ոչ միայն տարատեսակ նմուշների ցուցադրությունը (ձեռագիր, թանգարանային առարկա, լուսանկար և այլն), այլև ձեռագրական ժառանգության բազմաշերտ և համակողմանի ներկայացումը։
«Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված են հայ և օտարալեզու ձեռագիր մատյաններ, որոնցում պատկերված են աշխարհի արարման տեսարաններ, բնության պատկերներ, լայն իմաստով՝ բնության ստեղծագործական տարերքը արտահայտող դրվագներ։
Ցուցադրության շրջանակում ներկայացվում է նաև մեկ նմուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների առաջին շերտից մի պատառիկ:
Բացման արարողության ժամանակ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը Մատենադարանին նվիրաբերեց իր «Հայաստան աշխարհի մուտքը» կտավը։
–00—ՍՊ