ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը ‘ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ֊ին։
«Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ բողոք է հայտնվել ռուսական կողմին՝ կապված երկու երկրների միջև հարաբերություններին վնասող ոչ բարեկամական գործողությունների և քայլերի հետ։ Ռուսական կողմին կրկին խորը մտահոգություն է հայտնվել մեր երկու հայրենակիցների մահվան և հունիսի 27-ին Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների բնակության վայրերում անցկացված խուզարկությունների ժամանակ նրանց ստացած ծանր մարմնական վնասվածքների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ միջադեպի վերաբերյալ ռուսական կողմի բացատրությունը հակասական է՝ հաշվի առնելով մահացած հայրենակիցների մարմինների վրա բռնության կոպիտ հետքերի առկայությունը և փորձագիտական կարծիքը։
Նշվել է, որ ռուսական լրատվամիջոցներում նկատվել են էթնիկ անհանդուրժողականության դրսևորումներ՝ կապված խուզարկությունների հետ, և որ անընդունելի է «էթնիկ հանցավոր խումբ» արտահայտությունների օգտագործումը ադրբեջանցիների նկատմամբ։ Մեկ անգամ ևս ուշադրության է ներկայացվել այն փաստը, որ ադրբեջանական կողմը ակնկալում է, որ Ռուսաստանը կանցկացնի Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից թույլ տրված օրենքի խախտումների մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննություն և կպատժի մեղավորներին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ