Դատարանը Նեթանյահուին ազատել է ցուցմունք տալուց՝ ԱՄՆ կատարելիք այցի պատճառով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Երուսաղեմի շրջանային դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ազատել է հաջորդ շաբաթ կոռուպցիայի գործով լսումների շրջանակներում ցուցմունք տալուց ԱՄՆ նախատեսված նրա այցի պատճառով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ynet լրատվական հարթակը:
Հուլիսի 1-ին Նեթանյահուն Իսրայելի նախարարների կաբինետի նիստի սկզբում հայտնել է, որ հաջորդ շաբաթ պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ: ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների առաջիկա հանդիպման օրակարգը դեռևս մանրամասն չի հրապարակվել:
Այնուամենայնիվ, սպասվում է, որ կողմերն առաջին հերթին կքննարկեն Իրանի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը:2019 թվականին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել երեք գործով, որոնք վերաբերում են միլիոնատեր ընկերների կողմից նվերներ ստանալուն և բարենպաստ լուսաբանման դիմաց լրատվամիջոցների ղեկավարներին ծառայություններ մատուցելուն: Նա հերքում է իր հանդեպ մեղադրանքները և հետաքննությունն անվանել է «վհուկների որս»:
—00—ՄԱ