Դու ինքդ ես քո ընտանիքի անդամներին դարձրել հանրային պարսավանքի բաժին․ Ֆարմանյանը՝ Փաշինյանին

01/07/2025 09:57 Ներքին կյանք

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է.

«Նիկո՛լ, քո ընտանիքի անդամներին՝ կնոջդ, տղայիդ ու աղջկադ ո՞վ է դարձրել հանրային-քաղաքական կյանքի մաս: Ո՞վ է նրանց ստիպել արտահայտվել, ընդ որում խիստ ագրեսիվ ու վիրավորական տոնով, քո քաղաքական հակառակորդների մասին: Ընդդիմությու՞նը:

Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ու Դավիթ Տեր-Պետրոսյանը, Բելլա Քոչարյանն ու Սեդրակ, Գայանե և Լևոն Քոչարյանները, Ռիտա Սարգսյանն ու Անուշ և Սաթենիկ Սագսյանները երբևէ, որևէ բառ արտահայտվե՞լ էին մեր քաղաքական կյանքի կամ նախկին նախագահների ընդդիմախոսների մասին 1991-2018 թթ:

Դու ինքդ ես նրանց դարձրել հանրային պարսավանքի բաժին: Ու դա արել ես գիտակցված ու շա՜տ պարզ նպատակով. քեզ պետք է, որ լրատվական օրակագի ձևավորման գործում (news agenda setting) դու շարունակես մնալ մրցակցությունից դուրս, իսկ քո ընտանիքի անդամների որևէ հանրային խոսք քեզ օգնում է ինքնաբերաբար լուծել այդ խնդիրը, քանի որ գրեթե 100 տոկոսանոց լուսաբանում է ստանում: Զուտ քո ընտանիքի անդամը լինելու բերումով:

Ընդ որում, դրված խնդրի լուծման տեսակետից հեչ էական էլ չէ, ընտանիքիդ անդամներին փառաբանում են, թե հայհոյում: Կարևորը Փաշինյան ազգանունը լինի լրատվական օրակարգ թելադրողի դերում: Եթե նպատակդ զուտ իշխանությունը պահելն է, իսկ քո պարագայում դա հենց այդպես է՝ ամեն գնով պահել իշխանությունը, ճիշտ ես անում: Քանի որ, եթե լրատվական օրակարգ թելադրողը դու չես, ուրեմն թելադրողն արդեն իշխանության ճանապարհին է, արդեն իշխանության միջանցքում է: Մի բան, որ մեր ընդդիմությունն այդպես էլ չի հասկանում: Ուղղակի բարոյականության հարց է. ամեն մարդ չի անի նույնը՝ հանուն իշխանությունը պահելու կնոջն ու երեխեքին չի դարձնի հանրային թիրախ:

Հետևաբար, տասկոպեկանոց անբարոյականի լաց մի դիր: Ոչ էլ մարդկանց ոչխարի տեղ դիր: Եթե դու էդքան բանը հասկանում ես, կան մարդիկ, որոնք այդ մասին դասավանդում կամ գիտական աշխատություններ են գրում:

Դու, որպես քաղաքական ապրանք, ատելության, բամբասանքի ու հայհոյախոսության ծնունդ ես: Քո բնական տարերքը քաղաքական ճահիճը, ֆեյքերը, սուտն ու ատելությունն է: Դրանից դուրս գաս՝ դու չկաս: Որպես քաղաքական ապրանք՝ 0 ես: Անգամ 7 տարի վարչապետի պաշտոնում լինելուց հետո 0 ես: Դու սա գիտես:

Հետևաբար, քո լպիրշ հայհոյախոությունը մի՛ փաթեթավորի ընտանիքիդ «պաշտպանությամբ»: Քո անխախտ ձեռագիրը մի՛ փաթեթավորի ընդդիմության խոսույթով ու հանրային արձագանքով: Դուք եք հասցրել այս կետին: Դուք եք ջնջել բոլոր կարմիր գծերը:

Հիշի՛ր, դու իշխանության ես բերվել ու մնացել բացառապես ստի, կեղծիքի, սև-սպիտակի ու ատելության «ուժով», քո իշխանության հայրը ֆեյքերի ֆաբրիկաներն են: Քո իշխանության սիմվոլը Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկն է:

Դու մեկին բարի լույս ասես՝ լսողն առաջինը պիտի ստուգի, թե արդյո՞ք արդեն ուշ գիշեր չէ»:

—00—ՄԱ