Որևէ պետական կառույց չի կարող գործել որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք․ Բուլղարիայի հայ համայնք

29/06/2025 14:02 Ներքին կյանք

Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը խաթարում է քաղաքացիական ազատությունները և իրավական պետության հիմքերը։ Այս մասին նշված է Բուլղարիայի հայ համայնքային խորհրդի վարչությունը։

«Բուլղարիայի հայ համայնքային խորհուրդը խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով։

Մասնավորապես, մտահոգություն է առաջացնում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հետևողական և համակարգված ճնշումների շարանը, ինչպես նաև եկեղեցական և քաղաքական գործիչների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ կիրառվող խիստ միջոցները։

Ժողովրդավարական հասարակության հենքը խոսքի ազատության, օրենքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների պահպանումն է։

Որևէ պետական կառույց չի կարող գործել որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։

Ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի թափանցիկ, օբյեկտիվ և արդար ձևով՝ հիմնվելով հստակ ու հավաստի ապացույցների վրա։

Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ինքնության և միասնականության անքակտելի հենարանը։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերադառնալ օրենքի և ժողովրդավարական արժեքների դաշտ՝ հարգելով յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները և նպաստելով ազգային համախմբմանը։», – ընդգծված է հայտարարության մեջ։

 

– -00—ԱՊ