Անչափահասը, լինելով ոչ սթափ, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Opel»-ով կողաշրջվել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05:45-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի – Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող շինության ալյումինե պարսպին, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Չեֆոյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
–00—ԱՊ