Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողությունը նախապատրաստել 2010 թվականին․ The Times

28/06/2025 15:30 Միջազգային

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։

Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ իսրայելական հետախուզության գործակալները Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։

Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը Թեհրանի և Սպահանի երեք օբյեկտներում, ինչպես նաև ստացել են մանրամասն տեղեկություններ Նաթանզի օբյեկտի մասին, այդ թվում՝ ստորգետնյա շենքերի, էլեկտրամատակարարման ենթակառուցվածքների, տրանսֆորմատորային կայանի, օդափոխության և սառեցման խողովակների մասին։

Իսրայելական հետախուզության տվյալներով՝ մինչև 2024 թվականի վերջը Իրանը «անցել է հետազոտությունների փուլից» միջուկային զենքի մշակման։ The Times-ը նաև նշել է, որ Իրանը մտադիր է մեծ հեռահարության հրթիռների արտադրությունը հասցնել տարեկան 1000 միավորի։

Ենթադրվում էր, որ այս տեսակի զենքի ընդհանուր պաշարները կհասցվեն 8000 միավորի։

Թերթի փորձագետների կարծիքով՝ հակամարտության սկզբում Իրանն ուներ մինչև 2500 բալիստիկ հրթիռ։ Թերթը շեշտել է, որ Իրանում գտնվող իսրայելական գործակալները այցելել են իրանական հրթիռային ծրագրի հետ կապված բոլոր օբյեկտները, որոնք հետագայում հարձակման են ենթարկվել Իսրայելի կողմից։

–00—ՅՄ