Հալածանք-կալանքի երկու ամիսների ընթացքում Միքայել Սրբազանը մի դժվարություն է միայն ունենալու

28/06/2025 14:20 Քաղաքական

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեզանում և մեր ժամանակներում ամենաքրիստոնեաբար ապրող եզակի հայերից ու հոգևորականներից է: Իսկ քրիստոնեաբար ապրելը ենթադրում է նաև պատրաստ լինել զրկանքների, հալածանքների, որոնք հավատքի բարձրությունից նայելիս վերածվում են առ ոչինչի:

Որպես ասվածի ապացույց` Միքայել Սրբազանը, ըստ փաստաբանների, դատական նիստին հայտարարել է. «Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում»:

Վախը հաղթահարած մարդուն, կենցաղին ու նյութականին երբեք կարևորություն չտվող մարդուն, հալածանքին ու զրկանքներին պատրաստ և դրանց քրիստոնեաբար նայող մարդուն, Հեթումյան-Աջապահյան երախտավոր տոհմի արժանի հետնորդին ինչո՞վ և ինչպե՞ս եք պատժելու, նա այդ ամեն ինչից վեր է:

Սրբազանին ճանաչողները գիտեն, որ նրան միշտ կարելի է տեսնել ժամերգություններից և պատարագից հետո որոշակի ժամերի Գյումրու Սուրբ Յոթ Վերք վանքի շուրջ զբոսնելիս, իսկ առավել բախտավորները հնարավորություն են ունենում ընկերակցել նրան և վայելել նրա իմաստուն, հոգևոր խոսքը:

Հալածանք-կալանքի երկու ամիսների ընթացքում Միքայել Սրբազանը մի դժվարություն է միայն ունենալու` կարոտելու է խնկաբույր եկեղեցին և իր սիրելի Գյումրիում քայլելը: Բայց վստահ եմ, որ օրվա տարբեր ժամերին լինելու է աղոթական` կալանավայրի խուցը լցնելով ու մաքրագործելով աղոթքով:

Հ.Գ. Երբ զանգում եմ Միքայել Սրբազանին միշտ պատասխանում է գյումրեցիական սրամտությամբ հարուստ իր հայտնի արտահայտությամբ` «լսում եմ ձեր հրահանգները»: Հիմա ես ոչ թե հրահանգում, այլ որդիաբար խնդրում եմ Սրբազան Հորը առողջ լինել, չեմ ասում պինդ լինել, որովհետև դա անիմաստ է և նման կլինի նրան, թե լեռանը խնդրես լեռ լինել:

Աստված օգնական, Սրբազան Հայր»։

–00—ՅՄ