Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

28/06/2025 11:42 Ներքին կյանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Սիմոնյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։

Նշենք, որ Անդրանիկ Սիմոնյանը պարտականությունները կատարող նշանակվեց, որից հետո երեկ, Սրբազանի օպերացիայից հետո հաստատվեց որպես տնօրեն։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը հրաժարական տվեց Սամվել Կարապետյանի ձերբակալման ֆոնին։

Անդրանիկ Սիմոնյանը ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 10-ին Հոկտեմբերյան քաղաքում։

2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2013թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի մագիստրատուրան։
2013թ. ուսումնառություն է անցել «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում։
2019-2020 թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
2009-2012 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնում նախ՝ որպես տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ։
2012-2013 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին (կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման) վարչության 3-րդ (ֆինանսավարկային համակարգում կատարվող հանցագործությունների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի) բաժնում օպերլիազոր։

2014-2018 թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ։
2020 թվականի հունիսի 22-ի Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-38-Ո-86 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 26-ի թիվ ՆՀ-132-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2021թ. մարտի 26-ի ՀՀ վարչապետի թիվ 298-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
2021թ. մարտի  31-ի  ՀՀ նախագահի թիվ ՆՀ-55-Ա հրամանագրով նշանակվել է  ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
2024թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նույն օրը ՀՀ վարչապետի թիվ 35֊Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2025թ. հունիսի 18-ին ՀՀ վարչապետի թիվ 517֊Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները կատարող:

Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Պարգևներ՝
2023թ.՝  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2֊րդ աստիճանի մեդալ: