Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կա 2 խոչընդոտ․Ամիրբեկով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Բաքուն և Երևանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Խոսելով Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի մասին՝ Ամիրբեկովն ասել է, որ կողմերը ավելի մոտ են փաստաթղթի ստորագրմանը, քան երբևէ։ Սակայն դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է վերացնել երկու հիմնական խոչընդոտ։ Նախ, խոսքը Հայաստանի սահմանադրության այն դրույթների մասին է, որոնք պարունակում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Երկրորդ, նա նշել է հնացած և անարդյունավետ միջնորդական մեխանիզմներից հրաժարվելու անհրաժեշտությունը։
Նախագահի ներկայացուցիչը նաև նշել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ. «Այս 40 կիլոմետրանոց երթուղին արմատապես կփոխի տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը և կամրապնդի կայունությունը»։
Ամիրբեկովը վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ամբողջ Հարավային Կովկասի համար։
—00—ՄԱ