Ովքեր չմասնակցեցին Սրբազանի դեմ արշավին. «Հրապարակ»

27/06/2025 08:18 Ներքին կյանք

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հեղաշրջման պլանը» բացահայտելու իրավապահների օպերացիային զուգահեռ, նախօրեին սինքրոն «մարտնչում» էին նաեւ քաղաքական իշխանության` գործադիրի, օրենսդիրի ներկայացուցիչները, եւ անգամ Աշոտ Փաշինյանն էր դրան մասնակցում:

Վիրավորական արտահայտությունների, լուտանքների, մեղադրանքների բեռը համաչափ բաշխել էին ՔՊ-ականների միջեւ, որ հանրությանը տեռորի ենթարկեն` իրենց ուղղված հորինված «տեռորի» թեմայով: Ակնհայտ է, որ սցենարիստն ու դիրիժորը Նիկոլ Փաշինյանն էր, որը հրահանգել էր բոլորին՝ վճարել իշխանական տորթից օգտվելու բարձր հնարավորության դիմաց:

Եվ անգամ Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը զերծ չմնացին այդ նողկալի արշավին մասնակցելուց: Բայց կային մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, պլստացել են, օրինակ՝ կարկառուն ՔՊ-ականներ Հակոբ Սիմիդյանն ու Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Եթե Արփինե Սարգսյանին եւ Սրբուհի Գալյանին թույլատրվել է «բացակայել», որովհետեւ ուժային կառույցներ են ղեկավարում եւ այլ կերպ են ծառայում, ապա կարող էին ներքաշել, օրինակ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին, բայց նրանք խուսափել էին թաթախվելուց:

ԱԺ-ից էլ կան բացականեր` Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մարիա Կարապետյանը, Հայկ Սարգսյանը, Հրաչ Հակոբյանը եւ ուրիշներ։

–00—ՍՊ