Դատախազությունը Միքայել Սրբազանի նկատմամբ քրգործ է հարուցել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝« երկրում ռազմական հեղաշրջում անելու» իբր հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 24News-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։
«Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է հարուցվել, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»,-հայտնեցին կառույցից։
24News-ը կապ հաստատեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, վերջինս նշեց, որ տեղյակ չէ, որ քրգործ է հարուցվել․
«Հիմա ի՞նչ է Ձեր ուզածը, ուզու՞մ եք, որ կալանավորեն։ Մեկնաբանություն չունեմ։ Տեղյակ չեմ, քննչական չեն հրավիրել»,- ասաց Սրբազանը։
Նշենք, որ քրեական վարույթ նախաձեռնելու իբր հիմք է հանդիսացել այն, որ Գլխավոր դատախազությունը համարել է, թե իբր Միքայել Սրբազանի տարբեր հարցազրույցներում ռազմական հեղաշրջման կոչ արտահայտած մտքեր կան։
Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարելու համար նախատեսված է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով։
Մերի Մանուկյան