Էրդողանը հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է Ուկրաինայի հարցով Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ

26/06/2025 15:37 Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հարցը քննարկելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Hurriyet-ը, Էրդողանն այս մասին ասել է Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում։

Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել այցելել Թուրքիա, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս այցելի:  Ըստ Էրդողանի՝ Թրամփը իրեն փոխանցել է հետևյալ խոսքերը. «Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա Ստամբուլ կամ Անկարա՝ լուծման համար, ես էլ կգամ Ստամբուլ կամ Անկարա»։ «Մենք կանցկացնենք անհրաժեշտ բանակցությունները և հուսով եմ հնարավորինս շուտ հանդիպումը կիրականացնենք»,- հավելել է Էրդողանը:

—00—ՄԱ