Սպիտակ տունը ցանկանում է սահմանափակել գաղտնի տեղեկատվության փոխանցումը Կոնգրեսին` արտահոսքի պատճառով

26/06/2025 11:45 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է սահմանափակել գաղտնի տեղեկատվության փոխանցումը Կոնգրեսին: Պատճառը հունիսի 22-ին Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման հետևանքների նախնական գնահատականի արտահոսքն է մամուլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով չորս աղբյուրի։

«Վարչակազմի աղբյուրները տեղեկացնում են, որ նրանք պլանավորում են սահմանափակել հրապարակումների քանակությունը CAPNET-ում, որը Կոնգրեսի հետ գաղտնի տեղեկատվություն փոխանակելու համար օգտագործվող համակարգ է», – հաղորդել է լրատվամիջոցը։«Մենք պատերազմ ենք հայտարարում տեղեկատվություն փոխանցողներին», – Axios-ին հայտնել է զրուցակիցներից մեկը։

Դեմոկրատները վրդովմունք են հայտնել այս առնչությամբ՝ նշելով, որ գաղտնի տեղեկատվության արտահոսքն անթույլատրելի է և պետք է հետաքննվի, սակայն Կոնգրեսին տրամադրվող տեղեկությունների սահմանափակումն անընդունելի է: Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ Իրանի միջուկային ծրագիրն ամբողջությամբ ոչնչացվել է այդ գրոհների հետևանքով։

Սակայն արտահոսած հետախուզական տվյալները վկայակոչելով՝ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ գրել էին, թե ԱՄՆ-ի ավիահարվածներից իրանական միջուկային օբյեկտները լուրջ վնասներ չեն կրել, և Թեհրանը կարող է իր միջուկային ծրագիրը վերականգնել մի քանի ամսվա ընթացքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը հերքել են այս տեղեկությունները:

Հունիսի 25-ին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է արտահոսքը:

—00—ՄԱ