Փաշինյանը, կառավարության անդամները, ԱԺ մատյան գունդը երեկ «լռվել» էին ֆեյսբուքում․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մեծամասնությունը, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի մատյան գունդը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, երեկ վաղ առավոտից «լռվել» էին Ֆեյսբուքում եւ իրար հերթ չտալով` յուրաքանչյուրը մեկ տասնյակի հասնող գրառումներ էր անում ընդդիմադիրների ձերբակալությունների եւ, իրենց տերմիններով` «հեղաշրջման պլանի» մասին։ Կարելի էր կարծել, թե Հայաստանում որեւէ խնդիր չկա, եւ պետական պաշտոնյաներն այնքան պարապ են մնացել, որ վերջապես զբաղվելու բան են գտել:
Սակայն իրականում Փաշինյանն ու իր խմբակը, միտումնավոր, համակարգված գործողություն էին մշակել` իրավապահների գործողություններին զուգահեռ, որպեսզի հնարավորինս մեծ հնչեղություն տան երեկվա ձերբակալություններին:
Նրանց իրավապահները հրապարակում էին նախաքննական գաղտնիք համարվող նյութեր, որոնք ՔՊ-ականները եռանդով տարածում էին, հրապարակում էին անհասկանալի ճանապարհներով ձեռք բերված եւ կասկածելի ձայնագրությունների հատվածներ, որտեղ ժողովրդին ուղղված վիրավորական խոսքեր կային:
Խախտում էին անմեղության կանխավարկածը եւ ճնշում էին գործադրում դատարանների նկատմամբ, որ մի կողմից կալանքի սանկցիաներ տրվեն, մյուս կողմից` ժողովրդի կարեկցանքին արժանանան ու իրենց ռեյտինգը բարձրացնեն: Պարզ է, որ 2018-ից ի վեր Փաշինյանի ու իր խմբակի միակ գործիքը պառակտում եւ թշնամանք տարածելն է ու ընդդիմությանը թիրախավորելը։
–00—ՍՊ