ՆԳՆ համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում են

25/06/2025 14:21 Ներքին կյանք

Հունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։

Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը։

Որպես սահմանային և միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման հիմնական նախապայման՝ կողմերն ընդգծել են իրավապահ և պետական այլ մարմինների համակարգված ու շարունակական համագործակցությունը։

Անդրադառնալով քաղաքացիության տրամադրման գործընթացի արդիականացմանը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է միգրացիոն քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցագործությունների դեմ պայքարին միտված ռազմավարությունները։

Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության համակարգային բարեփոխումները՝ փոխնախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև Ոստիկանության հենասյունային ուղղություններում արձանագրված ձեռքբերումներին։

Արմեն Մկրտչյանը կարևորել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորումը, ինչը միտված է ապահովելու թե՛ ծառայողների շարունակական վերապատրաստումը, թե՛ ոստիկանների մասնագիտական կրթությունը։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ իրականացվում են երկարաժամկետ ռազմավարական պլանավորում և միջնաժամկետ գործողությունների մշակում՝ համադրելով միջազգային փորձն ու կարիքները։

Պավել Բուսիակիևիչը հայտնել է, որ առաջիկա օրերին Եվրոպական հանձնաժողովը Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը համաձայնեցման կուղարկի ԵՄ անդամ պետություններին։ Ակնկալվում է, որ աշնանն արդեն ծրագիրը պաշտոնապես կփոխանցվի հայկական կողմին։

Քննարկումների ընթացքում պատվիրակության անդամները ուշադրություն են դարձրել թրաֆիքինգի ենթարկված անձանց, ինչպես նաև վկաների պաշտպանության ու վերաինտեգրման համակարգի բարելավման հնարավորություններին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ի նպաստ Հայաստան-ԵՄ գործընկերության արդյունավետ և համապարփակ զարգացման։

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շուրջ քննարկումները շարունակվում են ակտիվ ձևաչափով՝ ներառելով ոլորտային հանդիպումներ, արդյունավետ համագործակցություն եվրոպական գործընկերների հետ։

Ներքին գործերի նախարարության գլխավորությամբ ու համակարգմամբ՝ և՛ միջազգային գործընկերների հետ, և՛ միջգերատեսչական մակարդակով սերտ համագործակցությամբ՝ իրականացվում են շարունակական աշխատանքներ՝ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի առաջընթացն ապահովելու և ոլորտային բարեփոխումները կյանքի կոչելու նպատակով։

–00—ՅՄ