Իրանի հարևան երկրներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի արձանագրվել. Գրոսի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ԱԷՄԳ) Իրանին սահմանակից երկրներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի հայտնաբերել հունիսի 22-ին իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Հասանելի տվյալների հիման վրա ԱԷՄԳ-ն կարող է վստահեցնել, որ (խմբ.՝ Իրանի) հարևան երկրների բնակչության և շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ ազդեցություն չի եղել։ Ատոմային անվտանգության համատեքստում կարևոր է նշել, որ Իրանի հետազոտական և էներգետիկ ռեակտորները չեն ենթարկվել հարձակման», – ասել է Գրոսին հունիսի 24-ին ԱԷՄԳ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ԱԷՄԳ-ն հայտնել է Նաթանզի և Ֆորդոյի օբյեկտներում հարվածի լրացուցիչ կետեր հայտնաբերելու մասին։
Նաթանզում հայտնաբերվել է հարվածի երկու անցք, որոնք առաջացել են ուրանի ստորգետնյա պահեստավորման և հարստացման սրահների վերևում ամերիկյան ավիահարվածներից։ ԱԷՄԳ-ն նշում է, որ «հարվածը կարող էր տեղային աղտոտում առաջացնել և քիմիական վտանգներ ստեղծել»։
Ֆորդոյում, ԱԷՄԳ-ի գնահատմամբ, հարվածի տակ են ընկել մուտքի ճանապարհները և օբյեկտի մուտքը։
Գրոսին նաև նշել է, որ Իրանի միջուկային գործունեության շուրջ վեճի լուծման դիվանագիտական հաջող համաձայնության հասնելու համար շատ կարևոր է ԱԷՄԳ-ի հետ Թեհրանի համագործակցության վերսկսումը։ Նա հիշեցրել է, որ նամակ է հղել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին և առաջարկել հանդիպել։ Fox News-ին տված հարցազրույցում նույնպես Գրոսին հայտնել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել ամերիկյան հարվածներից։
Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին՝ ուղղակիորեն ներգրավվելով Իսրայելի և Իրանի միջև հունիսի 13-ից սկսված հակամարտությանը։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնության ձեռք բերման մասին։
_00_ՄԱ