«Պետք է քայլ կատարել ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կապակցությամբ». ԵԽ քարտուղար

24/06/2025 23:23 Քաղաքական

Մոտ քառորդ դար ԵԽ-ին անդամակցությունից հետո Վրաստանը կոշտ քննադատության և պատժամիջոցների տակ է, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկվել են էթնիկ զտման, Ադրբեջանն էլ վերածվել է մի երկիր, որը մերժում է մարդու իրավունքները՝ Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը: Նա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հարցրել է՝ ի՞նչ ձեռքբերումներ կարելի է ակնկալել տարածաշրջանում առաջիկա տարիներին:

«ԵԽ անդամ լինելը նշանակում է կատարել հանձնառությունները, հարգել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, ճանաչել ՄԻԵԴ-ի կարևոր դերակատարումը և կատարել ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները: Դրանք կարևոր են: Այդ պատճառով մենք հանձնառու ենք, որ այս համակարգը, անգամ նման բարդ, ճգնաժամային իրավիճակներում, լինի ամուր:

Հաջորդը՝ Հարավային Կովկասը։ Ես խիստ մտահոգված եմ տարածաշրջանի իրավիճակով և ապագայով։ Ահա թե ինչու ես այցելեցի ձեր նշած 3 երկրներ։ Ես սերտ կապի մեջ եմ նաև իշխանությունների, քաղաքացիական հասարակության անդամների հետ, ընդդիմադիր կուսակցությունների հետ, որպեսզի հասկանամ, թե ինչ դեր կարող ենք խաղալ այս բարդ իրավիճակում։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ցանկանում եմ նշել, որ այժմ պետք է քայլ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված։ Ես փորձում եմ աջակցել խաղաղության համաձայնագրին վերաբերող բոլոր ջանքերին։

Վերջերս՝ 2 շաբաթ առաջ, ես Երևանում էի, ունեցա բովանդակային զրույցներ բոլոր գործընկերներիս հետ, ավելի քան երկուսուկես ժամ հանդիպում ունեցա վարչապետ Փաշինյանի հետ՝ իսկապես խոր ուսումնասիրելու այդ բոլոր տարրերը և տեսնելու, թե ինչ կարող ենք անել։ Ես նաև հանդիպումներ ունեցա նախագահ Ալիևի հետ՝ ճիշտ նույն թեմաների շուրջ։ Եվ ես նկատեցի, որ անցյալ շաբաթ, կարծում եմ, մենք նախագահ Ալիևի այցն ունեցանք Անկարա։ Հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը ևս շատ պատմական այց կատարեց։ Մենք տարածաշրջանային երկրների կողքին ենք, մենք չենք կարող նրանց փոխարեն ստորագրել համաձայնագիրը, բայց կարող ենք աջակցել և օգտագործել մեր ազդեցությունը՝ ապահովելու դրական քայլեր»,- ասել է Ալեն Բերսեն, փոխանցում է 1Lurer.am-ը։

–00—ՍՊ