Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
Նոր ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը կարող են իրենց բջջային հավելվածից ներկայացնել առքուվաճառքի հայտեր, որոնք ակնթարթորեն արտացոլվում են AMXTrader համակարգում։ MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ այդ թվում պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով իսկ նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։
Այս նոր հնարավորությունն էապես արագացնում է գործարքների իրականացումը, բացառում է թղթային հանձնարարականների տրամադրման անհրաժեշտությունը և նվազեցնում է մարդկային գործոնով պայմանավորված սխալների ռիսկը։ Բացի տեխնիկական կատարելագործումից, նոր համագործակցությունը նպաստում է ներդրումային ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի հարմարավետ, արագ և ճշգրիտ գործիք ներդրումային գործարքների իրականացման համար։ Այն կարևոր քայլ է դեպի լիարժեք թվայնացված ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները կարող են վերահսկել իրենց պորտֆելը և կատարել գործարքներ իրական ժամանակում։ Նմանատիպ ինտեգրումները խթանում են կապիտալ շուկայի զարգացումը՝ այն դարձնելով ավելի մատչելի, թափանցիկ և արդյունավետ բոլոր մասնակիցների համար։
AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․ «Ուղիղ հասանելիությունն AMXTrader առևտրային հարթակին ստեղծում է նոր որակի փորձառություն՝ թե՛ ներդրողի, և թե՛ ֆինանսական կազմակերպության համար։ Մենք ողջունում ենք Ամերիաբանկի այս առաջադեմ քայլը, որը կարող է օրինակ ծառայել նաև այլ ընկերությունների համար։ Նմանատիպ համագործակցությունները խթանում են կապիտալի շուկայի զարգացումը՝ դարձնելով այն ավելի բաց, դինամիկ և արդյունավետ»։
Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանն իր հերթին նշել է․ «Հայաստանի ֆոնդային բորսայի և Ամերիաբանկի այս նոր համագործակցությունը շրջադարձային է թե՛ Ամերիայի թվային ներդրումային ծառայությունների զարգացման, և թե՛ ընդհանրապես Հայաստանի կապիտալի շուկայի առաջխաղացման համար։ Արդյունքում ներդրողների համար ստեղծվում են որակապես նոր հնարավորություններ՝ ապահովելով գործարքների արագություն և հասանելիություն։ Մենք հավատում ենք, որ նմանատիպ թվայնացված լուծումները ոչ միայն բարձրացնում են ներդրումային մշակույթի մակարդակը, այլ նաև էական խթան են կապիտալի շուկայի ներուժի լիարժեք իրացման համար»։
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել pr@amx.am հասցեին։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: