Նախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով նշանակումներ են կատարվել նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության և մարդկային ռեսուրսների կառավարման վարչություններում։
Մայիսի 22-ի և հունիսի 13-ի որոշումներով Վազգուշ Կոստանյանն ու Լուսինե Հովհաննիսյանը համապատասխանաբար նշանակվել են ծառայությունների մատուցման որակի վերահսկողության և մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունների պետեր։Վազգուշ Կոստանյանը ծնվել է 1985 թվականի հունվարի 15-ին, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (2006թ.) և ՀՀ պետական կառավարման ակադեմիան (2009թ., մագիստրատուրա, 2017թ.՝ հայցորդ)։Նախքան ներկայիս պաշտոնում նշանակվելը, նա զբաղեցրել է վարչության պետի տեղակալի և վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնները։ Դրանից առաջ երկար տարիներ աշխատել է արդարադատության նախարարության համակարգում՝ զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներում։Կոստանյանը նաև դասավանդել է իրավաբանական ինստիտուտում, իսկ պետական համակարգում աշխատել է հարկային, դատական և հանրային ծառայությունների կարգավորման ոլորտներում։
Նա տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին, ունի երեք գիտական հոդված և երկու ուղեցույցի համահեղինակ է։ Ամուսնացած է, ունի դուստր։
Լուսինե Հովհաննիսյանը ծնվել է 1974 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1997թ.) և Եվրասիա միջազգային համալսարանը (2009թ.), ինչպես նաև մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների և միջազգային ծրագրերի։Նախքան ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնը ստանձնելը՝ նա զբաղեցրել է խորհրդականի պաշտոն նույն վարչությունում։ Հովհաննիսյանը երկարամյա փորձ ունի սոցիալական պաշտպանության և կադրային քաղաքականության ոլորտում։
Նա աշխատել է ինչպես պետական համակարգում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ միջազգային համագործակցության հարթակներում։Հովհաննիսյանը նաև դասախոսում է սոցիալական պաշտպանության թեմաներով, ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում և արտերկրում իրականացվող բարեփոխումներին, ծրագրերին ու վերապատրաստումներին։ Ամուսնացած է, ունի դուստր։
—00—ՄԱ