ԵԽ նախարարների կոմիտեն միջանկյալ բանաձև է ընդունել Ռամիլ Սաֆարովի գործով վճռի առնչությամբ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն միջանկյալ բանաձև է ընդունել «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճռով, որը վերաբերում է ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից ազգությամբ հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի՝ բացառիկ դաժանությամբ, կանխամտածված սպանությանը՝ բացառապես հայկական ազգության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Նշված բանաձևով Նախարարների կոմիտեն «հորդորում է անհապաղ հաստատել, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կայքում տեղադրված հանցագործի ներումը և ազատ արձակումը սատարող հրապարակումները հեռացվել են, անհապաղ ապահովել, որ սույն գործով հայտնաբերված մարդու իրավունքների լրջագույն խախտումների մեղավորը այլևս չզբաղեցնի որևէ պետական պաշտոն, ինչպես նաև խորին ափսոսանք է հայտնում, որ նշված հանցագործության հեղինակին շնորհվել են արտոնություններ, որոնք, ինչպես երևում է, չունեն իրավական հիմք ներպետական օրենսդրության համաձայն։ Բանաձևով Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում անհապաղ կատարել դիմումատուների ներկայացուցիչներին հատկացված ծախսերը փոխհատուցելու իրենց անվերապահ պարտավորությունը:
Նախարարների կոմիտեն որոշմամբ ներկայացված ընդհանուր միջոցառումների համատեքստում արձանագրումներ է կատարել մարդու իրավունքների լրջագույն խախտումների համար անպատժելիության վերացման, էթնիկ շարժառիթով պայմանավորված ատելության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործողությունների ձեռնարկման առնչությամբ, ինչպես նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերսկսել կառուցողական և արդյունքահեն երկխոսությունը Քարտուղարության հետ՝ սույն գործով անհրաժեշտ միջոցառումները լիարժեք իրականացնելու ճանապարհային քարտեզ մշակելու համար և ներկայացնել թարմացված գործողությունների ծրագիր վճռի կատարման առնչությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ