Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ջալալ Հարությունյանի դատավճիռը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը չարդարացվեց նաև վերաքննիչ ատյանում։
Ինչպես հայտնում է pastinfo.am-ը Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ տուժող, թե՛ պաշտպանության կողմը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջել է խստացնել Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանված պատիժը և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով։ Պաշտպանության կողմը երեք բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռն ամբողջությամբ և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով Ջալալ Հարությունյանի անմեղությունը, կամ բեկանել և գործը կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, իսկ արդարացման կամ գործը նոր քննության ուղարկելու անհնարինության դեպքում՝ նշանակել նվազագույն պատիժ։
Ջալալ Հարությունյանի դատավճիռը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ։
Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
—00—ՄԱ