Եկեղեցականները ոգեկոչեցին հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակը

16/06/2025 22:46 Ներքին կյանք

Հունիսի 16-ին Միաբանական համագումարի առիթով Մայր Աթոռում մեկտեղված Հայաստանի և Սփյուռքի թեմերում ու եկեղեցական կառույցներում սպասավորող Սուրբ Էջմիածնի միաբանները, մինչ համագումարի պաշտոնական մեկնարկը, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո հոգևոր հայրերը կատարեցին նաև Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Այնուհետև եկեղեցականները մեկնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն`իրենց հարգանքի տուրքը մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։

Միաբանական համագումարի մասնակիցները այցելեցին նաև Կոմիտասի անվան պանթեոն իրենց հարգանքի տուրքը մատուցելու Կոմիտաս վարդապետի հիշատակին։ Միաբանները Հայ Եկեղեցու մեծանուն վարդապետի շիրիմին կատարեցին հոգեհանգստյան կարգ։

–00—ՍՊ