Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում շարունակում է մնալ հայկական արտադրանքով մոտ 300 բեռնարկղ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրացման ֆոնին փակված ճանապարհների պատճառով Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում շարունակում է մնալ հայկական արտադրանքով մոտ 300 բեռնարկղ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։
«Նավահանգիստը գործում է և ընդունում է բեռներ, բայց չի ուղարկում դրանք Հայաստան՝ ճանապարհները փակ են։ Հիմնականում խոսքը Չինաստանից եկող բեռների մասին է», – պարզաբանեց Իվանովը։
Նրա խոսքով՝ ուշացումը լուրջ ազդեցություն չի ունենա դեպի Հայաստան ընդհանուր բեռնահոսքի վրա, քանի որ կա այլընտրանքային ճանապարհ՝ վրացական Փոթի նավահանգստով։ Թեև այն ավելի շատ ժամանակ և ծախս է պահանջում, իրավիճակը շարունակում է վերահսկելի մնալ։
«Բենդար Աբբասում մնացած բեռների ծավալը այնքան մեծ չէ, որ ազդի ամբողջ բեռնափոխադրումների համակարգի վրա։ Առանձին տնտեսվարող սուբյեկտների համար սա, անշուշտ, խնդիր է, բայց բեռները չեն կորել։ Դժվար է ասել` երբ դրանք կհասնեն», – հավելեց Իվանովը։
Դժվար է նշել իրանական ճանապարհներին մնացած հայկական բեռնատարների ճշգրիտ թիվը։ Իվանովի խոսքով՝ տարեկան Չինաստանից Հայաստան միջինում մոտ 5 հազար բեռնարկղ է հասնում, որի մոտ 5%-ն Իրանով է անցնում։