24News-ի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի արարքը քրեորեն ևս պատժելի է․ փաստաբան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «Չնայած ՆԳ նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած ծառայողն ազատվել է ծառայությունից, այնուամենայնիվ ոստիկանի արարքը քրեորեն ևս պատժելի է։
Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի երրորդ մասով օրենսդիրը լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ։
Հաշվի առնելով քննչական կոմիտեի հնարավոր արդարացումները կամ պարզաբանումներն առ այն, որ վարույթ չի նախաձեռնվել հաղորդման բացակայության հիմքով, քիչ առաջ ներկայացրել եմ գրավոր հաղորդում՝ դրան կցելով դեպքի տեսագրությունը։
Մերի Մանուկյանը փաստաբանական համայնքին մշտապես ակտիվորեն աջակցող և բռնության դեպքերը լուսաբանող լրագրող է, հետևաբար գտնում եմ, որ ողջ համայնքը պետք է կանգնի նրա կողքին»։
–00—ՅՄ