Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

16/06/2025 14:34 Միջազգային

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։

«Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական փրկարարական խմբերի օգնությամբ», – ասել է Թալեգաոն Դաբհադեի շրջանի ոստիկանական բաժանմունքի ավագ տեսուչ Պրադիպ Ռայանավարը։

Նա նշել է, որ կամրջի փլուզումից հետո հինգ մոտոցիկլետ ընկել է գետը. մեքենաների սեփականատերերը գտնվել են, նրանց մեծ մասը բուժում է ստանում հիվանդանոցում։

Ըստ իշխանությունների՝ երկաթե կառույցը փլուզվել է զբոսաշրջիկների կողմից այն ծանրաբեռնելու, ինչպես նաև տեղադրված նախազգուշացնող ցուցանակն անտեսելու պատճառով։

Պաշտոնյաների խոսքով՝ զբոսաշրջիկների շրջանում բավական հայտնի կամրջի վրա փլուզման պահին գտնվել է ավելի քան 100 մարդ։

Փլուզման ժամանակ կամրջի վրա գտնվող անձանց մեծ մասը զբաղված է եղել սելֆի անելով։

–00—ՅՄ