Հունաստանում Հայաստանի դեսպանը մասնակցել է ասորիների ցեղասպանության թեմայով միջազգային համաժողովի

14/06/2025 17:28 Հասարակական

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նախարարության հրավերով մասնակցել է վերջինիս համակազմակերպմամբ «1915-2025. Ասորիների ցեղասպանությունից 110 տարի անց» միջազգային համաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքեր են հղել Հունաստանի Խորհրդարանի նախագահի անունից, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ, Պանդեո համալսարանի պրոֆեսոր Անգելոս Սիրիղոսը, Հունաստանի ուղղափառ եկեղեցու անունից` հայր Կոստանդինոս Պապաթանասիուն, Հունաստանում ասորական համայնքի նախագահ Կիրիակոս Բացարասը, Սալոնիկի Արիստոտելի համալսարանում պոնտական ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ Կիրիակոս Խացիկիրիկիդիսը, Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Յորղոս Կալաձիսը։ Գիտաժողովի բացման գլխավոր բանախոսն էր Հունաստանի խորհրդարանի անդամ, պրոֆեսոր Անգելոս Սիրիղոսը։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն իր բացման խոսքում նշեց. «Հունաստանի կառավարության անդամներ, Հունաստանի և Հայաստանի խորհրդարանի անդամներ, ասորական ու այլ համայնքների մեծարգո անդամներ, Հարգարժան գիտնականներ, Տիկնայք և պարոնայք,Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանի կրթության, կրոնի և սպորտի նախարարության կրոնական հարցերով գլխավոր քարտուղարությանը, Հունաստանի ուղղափառ եկեղեցուն, Ասորական համահունական միությանը և Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պոնտական ուսումնասիրությունների ամբիոնին այս կարևոր միջազգային գիտաժողովը կազմակերպելու և բացման խոսքով հանդես գալու հնարավորության համար։ 1915-1923 թվականներին օսմանյան իշխանությունների կողմից Փոքր Ասիայի և Պարսկաստանի հյուսիս-արևմտյան շրջանի ասորի բնակչության բնաջնջումը տեղի է ունեցել հայոց և հույների ցեղասպանություններին զուգահեռ։

Շատ ցեղասպանագետներ այդ ցեղասպանությունները համարում են օսմանյան ցեղասպանություններ: Սակայն պետք է նշել, որ ասորիները, ինչպես հայերն ու հույները, նախորդ տասնամյակներում նույնպես անընդհատ ենթարկվել են հալածանքների և կոտորածների Օսմանյան իշխանությունների և տեղական քրդական ցեղերի կողմից, չնայած «վերջնական լուծումը» տեղի է ունեցել 1915 թվականին՝ կազմակերպված զանգվածային սպանություններով։ Աբդուլ Համիդի 1895 թվականի որոշումը ուղղված նեստորական բնակչությանը սովամահ անելու և հնազանդեցնելու հանդիսանում է ցեղասպանական գործողություն։Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին բանակ հավաքագրելու պատրվակով հազարավոր ասորի երիտասարդներ ընդգրկվեցին աշխատանքային ճամբարներ և հետագայում կոտորվեցին։ Միաժամանակ ավիրվեցին ասորական գյուղեր։

Միջագետքի անապատներ բռնի տեղահանվեցին կանայք, ծերերն ու երեխաները։ Շատերը բռնի կերպով մահմեդականացվեցին։ Ասորա-քաղդեական պատվիրակությունը Փարիզի խաղաղության համաժողովում զոհերի թիվը գնահատել է մոտ 250,000: Լոզանի համաժողովում այդ թիվը վերանայվել է մինչև 275,000: Թեև 1895-1925 թվականների ընթացքում զոհերի թիվը, հավանաբար, կրկնակի է, եթե ոչ ավելին։Ասորիների ցեղասպանությունը լայնորեն լուսաբանվել է համաշխարհային լրատվամիջոցների կողմից՝ արևմտյան դիվանագետների, միսիոներների, ինչպես նաև մարդասիրական կազմակերպությունների զեկույցներում և փաստաթղթերում։

Վերջերս Հայաստանում հայտնի ուսումնասիրող Արա Քեթիբյանը, ով հրատարակում է Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան ԶԼՄ-ների զեկույցների բազմահատոր ամբողջական հրատարակություն, ներառել և հրատարակել է նաև հույների և ասորիների ցեղասպանությունների լուսաբանման առանձին հատորներ: 2024 թվականին Հունաստանում Հայաստանի դեսպանատունը Աթենքի ակադեմիայի հետ համատեղ կազմակերպեց Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ միջոցառում, որի ընթացքում պարոն Քեթիբյանը ներկայացրեց իր հատորները, այդ թվում՝ ասորիների ցեղասպանության մասին հատորը։ Առիթ եմ ունեցել տրամադրել այս հատորը Հունաստանի տարբեր գրադարաններին։

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՝ ցեղասպանագետների բարձրագույն մարմինը, 2007 թվականին ճանաչեց ասորիների ցեղասպանությունը: 2015 թվականի մարտի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակից անմիջապես առաջ, Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց բանաձև, որով ճանաչեց Օսմանյան կայսրության կողմից 1915-23 թվականներին իրականացված ասորիների և հույների ցեղասպանությունները:

Եվ ես, որպես Ցեղասպանության հանցագործության դեմ Երևանի առաջին գլոբալ ֆորումի կազմկոմիտեի անդամ, նույնպես ուրախ էի ողջունել ասորի մասնակիցների այդ միջոցառմանը, որը մենք կազմակերպել էինք 2015 թվականին։Այսօր աշխարհով մեկ սփռված ասորիները, որոնցից շատերին մենք տեսնում ենք այստեղ, Սեյֆոն համարում են մեծ ազգային աղետ, քանի որ 1915 թվականից ի վեր այն ազդել է ասորիների բոլոր սերունդների վրա և դեռևս ազդում է նրանց հավաքական բարոյահոգեբանական վիճակի վրա: Նմանատիպ ակադեմիական միջոցառումները, անշուշտ, ցեղասպանության մասին իրազեկման բարձրացման կարևոր գործոն են հանդիսանում, որն իր հերթին ցեղասպանության կանխարգելման համաշխարհային արշավի մի մասն է կազմում:

Նույնիսկ եթե աշխարհն այժմ չի ապրում իր ամենախոստումնալից անցումը, մենք չենք կարող հույսը կորցնել․ արդարության և ցեղասպանության կանխարգելման համար պայքարը քաղաքակիրթ աշխարհի օրակարգում է։Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր միջոցառումը կազմակերպելու և մեզ բոլորիս միասին հավաքելու համար։ Ձեզ հաջողություն եմ մաղթում համաժողովի ողջ ընթացքում»։

–00—ՄԱ