Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի

14/06/2025 16:13 Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի. այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեմ Սիմոնյանը․

«Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել:
Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում:

Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է:

Դրա հետ համաձա՞յն է)))»,-նշել է Սիմոնյանը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ հայցում առաջարկված տեքստով ու եղանակով։ Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը նաև հերքում հրապարակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, նաև պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ ՝ զրպարտության, և ևս 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:

Հավելենք, որ ընդդեմ Փաշինյանի ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում Փաշինյանի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը նաև համապատասխան տեքստ հրապարակի։ Հերքումից բացի ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է վարչապետից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:

–00—ՄԱ