Եվրամիությունը 1 միլիարդ եվրոյի նոր օգնություն է տրամադրում Ուկրաինային

13/06/2025 17:21 Միջազգային

Եվրամիությունն Ուկրաինային փոխանցել է մակրոֆինանսական օգնության ևս 1 միլիարդ եվրոյի տրանշ՝ գործող ծրագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրառման մեջ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Այսօր մենք Ուկրաինային տրամադրում ենք ևս 1 միլիարդ եվրո։ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո մեր ընդհանուր աջակցությունը հասնում է գրեթե 150 միլիարդի։ Մենք Ուկրաինայի կողքին ենք երկարաժամկետ հեռանկարում», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա հավելել է, որ Կանադայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովին G7-ի իր գործընկերներին կոչ կանի շարունակել համակարգել Ուկրաինային ցուցաբերվող ուժեղ աջակցությունը և Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները՝ «մինչև Կրեմլը դադարեցնի այս պատերազմը»։

Կանադայում G7-ի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-17-ը։

–00—ՅՄ