Հայկական ատոմային էլեկտրակայանում ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) աշխատանքները՝ ըստ 2025թ հաստատված ժամանակացույցի։
Ինչպես տեղեկացնում են ՀԱԷԿ-ից, վերանորոգումը մեկնարկել է մայիսին և նախատեսվում է ավարտել հուլիսի առաջին տասնօրյակում՝ ապահովելով կայանի երկրորդ էներգաբլոկի անվտանգ և հուսալի շահագործումը։
ՊՆՎ-ը ոչ միայն հնարավորություն է տալիս նորոգել ու ստուգել համակարգերը, այլ նաև կատարել կառուցվածքային և տեխնոլոգիական արդիականացումներ՝ անհրաժեշտ հետագա շահագործման համար։ Այն հանդիսանում է կայանի անխափան և անվտանգ աշխատանքի հիմնասյուներից մեկը և ուղղակիորեն նպաստում է Հայաստանի էներգետիկ անկախությանն ու կայունությանը։
ՊՆՎ 2025-ի ընթացքում Հայկական ԱԷԿ-ում նախատեսվում է իրականացնել մի շարք կարևոր տեխնիկական և անվտանգության ապահովման աշխատանքներ՝ ներառյալ ռեակտորային տեղակայանքի, տուրբինների և տուրբոգեներատորների նորոգում, ներիրանային սարքերի ստուգում, ինչպես նաև համակարգերի արդիականացում շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի շրջանակում։
Այս աշխատանքները միտված են կայանի սարքավորումների տեխնիկական վիճակի բարելավմանը, շահագործման անվտանգության ամրապնդմանը և էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակների իրագործմանը։
Աշխատանքներին մասնակցում են ՀԱԷԿ-ի մասնագետները, ինչպես նաև հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանից, Չեխիայից, Խորվաթիայից, Սլովակիայից և Ուկրաինայից։
Վերանորոգման ավարտից հետո կայանում կիրականացվեն փորձարկումներ և ստուգումներ, որից հետո 2-րդ էներգաբլոկը կմիանա Հայաստանի միասնական էներգահամակարգին։
–00—ՍՊ