Իրանի միջուկային ծրագրի երաշխիքների «չլուծված հարցերը» մնում են. Գրոսի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնության համար երաշխիքների առումով «չլուծված հարցեր» կան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրոսին գրել է X սոցիալական հարթակում։
«Վերջին ամիսներին ես ինտենսիվորեն աշխատել եմ Իրանի և ԱՄՆ-ի հետ՝ նրանց բանակցություններին աջակցելու համար…. ԱԷՄԳ-ն անփոխարինելի դեր է խաղում ցանկացած նոր համաձայնագրի ստուգման գործում։ Մենք շարունակում ենք համագործակցել, բայց երաշխիքների չլուծված հարցերը մնում են։ Իրանը պետք է անհապաղ տրամադրի տեխնիկապես հավաստի պատասխաններ՝ չհայտարարագրված միջուկային նյութերի և գործունեության վերաբերյալ պարզաբանումների համար», – գրել է Գրոսին X-ում։
Հունիսի 8-ին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերանայել հարաբերություններն ԱԷՄԳ-ի հետ, եթե կազմակերպության Կառավարիչների խորհուրդը բացասական բանաձև ընդունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
–00–ԱՀ