Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

09/06/2025 13:57 Ներքին կյանք

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկու գլխավորած պատվիրակությունը հունիսի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Անահիտ Ասլանյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Բորիս Պիոտրովսկին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: