Հայաստանում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով․ Ասողիկ աբեղա Կարապետյան

09/06/2025 13:15 Ներքին կյանք

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով, այս մասին հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Ո՞ւր եք Երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր… Մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ: Մի՞թե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ Ձեր նենգ խաղերի սլաքներն ուղղում եք Սուրբ Եկեղեցուն և Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում: Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել…

Լսեցեք և կանգ առեք, ապիկարներ, ոչ մի եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, երբեք ձեզ թույլ չի տա պիղծ ձեռքերով ու անձերով Սուրբ Էջմիածնի և նրա Ազգընտիր ու Աստվածարյալ Հայրապետի վրա սուր բարձրացնել:

Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»,- նշել է Հայր Ասողիկը։