Ես միանգամայն այլ հարցեր ունեմ Վեհափառ Հայրապետին ու բարձրաստիճան հոգևորականներին

07/06/2025 09:53 Քաղաքական

Վեհափառ Հայրապետի մեծությունն ինձ համար չափման միայն մեկ միավոր ունի։ Այն է, թե որքանով է ինքը հոգ տանում իր՝ աշխարհով մեկ սփռված տասը միլիոն զավակների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ուրիշ հարց ոչ ինձ, ոչ նիկոլներին, ոչ էլ ցանկացած որևէ մեկին չպետք է հետաքրքրի, առավել ևս՝ քննարկման առարկա դառնա։ Հայաստանի դավաճան իշխանությունները դիտմամբ են ջնջում բոլոր կարմիր գծերը։ Այդկերպ նրանք երկու խնդիր են լուծում՝ նախ շարունակում են ներսից տրոհել մեր հասարակությունը և երկրորդ՝ փախչում են իրենց ուղղված շատ ավելի կարևոր հարցադրումներից։ Արդյունքում՝ Արցախի կորստի խնդիրը քննարկելու փոխարեն ժողովուրդը խոսում է, թե ով ում զավակն է և ով ում՝ «բարոյական աջակիցը»։

Ընդ որում, ցավալի մի իրողություն էլ կա։ Այն, որ այսօրվա «օրակարգի» հարցերի մի մասն էլ ընդդիմադիր էլիտաների լարած թակարդներն են։ Թակարդներ, որոնց մեջ հենց ընդդիմությունն է հայտնվել։

Ես, լինելով Հայ Առաքելական Եկեղեցու զավակ, այսօր միանգամայն այլ հարցեր ունեմ Վեհափառ Հայրապետին ու բարձրաստիճան հոգևորականներին՝ ինչու՞ հանրային լայն կոնսոլիդացիա չի ապահովվում։ Ինչու՞ չեն Մայր Աթոռ հրավիրվում հանրային մեծ ազդեցություն ունեցող գործիչները՝ սկսած ՀՀ պաշտոնաթող երեք նախագահներից։ Ինչպե՞ս է եկեղեցին պաշտպանելու իր ժողովրդին հերթական այս հարձակումներից և պետության կորստի վտանգից»,-գրել է նա։

–00–ԱՀ