Վեհափառ Հայրապետի հայտարարությունը ամեն մի հայ հոգևորականի վճռահատ խոսքն ու պատգամն է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․
«Սիրելիներ,
Արդեն մի քանի օր է ստանում եմ հեռախոսներ, նամակներ՝ խոսքով եւ հարցազրույցներով անդրադառնալու այս օրերի իրավիճակին:
Այստեղ արված իմ գրառումներով, շատ պարզ եւ հասկանալի, արտահայտվել եմ՝ ամենայն սիրով եւ բոլորանվեր շարունակելով իմ համեստ հոգեւոր ծառայությունը: Ավելին, Հայոց Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը, իմաստուն նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի, հանդես է եկել կատարյալ հայտարարությամբ, որը, անվերապահ, ամեն մի հայ հոգեւորականի վճռահատ խոսքն ու պատգամն է, կեցվածքն է՝ ուղղված ամենքին: Եվ բնական է, որ այդ խոսքն ու պատգամը, կեցվածքը բոլորի համար գոհունակության առիթ էր, իսկ որոշներ էլ այդպես մնում են չբավարարված: Ինչն այլեւս պայմանավորված է անհատի գիտակցությամբ ու հասկացողությամբ:
Եվ այս ամենը՝ Գերագույն հոգեւոր խորհրդի պաշտոնական հայտարարությունը, բարի էր եւ լավ: Հետեւաբար, այդ ամենից հետո շարունակվող ունայն կարծիքներն ու անհեթեթ հարցերը՝ չարից են, հետեւապես, աստվածահաճո չեն, ուստի՝ չարագործություն են:
Մնանք մեր աստվածային սիրո մեջ, մնանք մեր ազնվական բարության մեջ եւ ամենայն եռանդով ու նվիրումով շարունակենք ապրել ստեղծագործ եւ շինարար կյանքով՝ միմյանց պարգեւելով զվարթ քաղցրություն, սեր եւ ամրություն: Այս է մեր քրիստոնեական սուրբ պարտքը, այս է մեր հայկազյան առաքելության հրամայականը՝ ի փառս Աստծո եւ ի շինություն ազգային ու պետական կյանքի:
Աստված մեզ օգնական եւ պահապան»:
–00—ՍՊ