Այսօր կարևոր է կենտրոնացնել համատեղ ջանքերը․ Էկոնոմիկայի փոխնախարարը՝ ԱՊՀ անդամ-երկրների նիստին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 4-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին։
Ինչպես հայտնել են նախարարությունից, իր ելույթում Էդգար Զաքարյանը կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի գործունեությունը և նշել, որ այդ հարթակը հնարավորություն է տալիս երկրների միջև կառուցողական երկխոսություն վարել, լավագույն փորձի փոխանակում իրականացնել, համակարգել արդյունաբերական արդիականացման մոտեցումները և ձևավորել ինտեգրված արդյունաբերական համագործակցության ընդհանուր տեսլական:
«Այսօր առավել քան կարևոր է համատեղ ջանքերը կենտրոնացնել այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիական արտադրության տեղայնացումը, արդյունաբերական կոոպերացիայի խթանումը, ենթակառուցվածքների զարգացումը նորարար գործունեության և ոլորտների թվային փոխակերպման վրա: Կարևոր է նաև արտադրության էկոլոգիզացումն ու արդյունաբերության մեջ կայուն լուծումների խթանումը»,- նշել է Էդգար Զաքարյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են արդյունաբերական քաղաքականության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, հանքարդյունաբերության և մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության հայեցակարգերին առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել ԱՊՀ անդամ երկրներում մեքենաշինության և տեքստիլ արդյունաբերության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների վերաբերյալ։