ՀՀ ԱԳ փոխնախարարը սպառազինությունների վերահսկումը կարևոր է համարել խաղաղության համար

04/06/2025 23:17 Քաղաքական

Հունիսի 3-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կառուցելով կայուն խաղաղություն. կամրջելով անվտանգությունը և զարգացումը խոցելի միջավայրում» խորագրով քննարկմանը:

Անդրադառնալով կայուն խաղաղության գաղափարին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է հակամարտությունների կանխարգելման հարցում ներառական մոտեցման, մասնավորապես՝ անվտանգության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության համադրման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է սպառազինությունների վերահսկման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը խաղաղության և անվտանգության պահպանման հարցում ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Հարավային Կովկասում թափանցիկության և վստահության ամրապնդման համատեքստում՝ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ առաջարկին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը սահմանային կայունության ապահովման գործում:

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև փոխկապակցվածության դերը՝ որպես տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման գրավական: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթներին:

–00—ՍՊ