Գորիսում ադրբեջանական դիրքի ուղղությամբ ատրճանակ պահած երիտասարդի դեմ քրգործ են հարուցել

04/06/2025 17:30 Ներքին կյանք

Գորիսում ադրբեջանցի զինվորների ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակ պահած հայ երիտասարդի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ Aravot.am-ը գրել էր, որ շաբաթներ առաջ Գորիսի համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանին, «Նիսան» ավտոմեքենայի վարորդն ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ: Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդը հայտարարել է, որ սահմանին, բարկությունից դրդված, իր օդաճնշիչ ատրճանակը հանել է ու վախեցնելու նպատակով պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։

«Հիշատակված դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,–հայտնեցին ՔԿ–ից:

Նաև տեղեկացրին, որ քրեական վարույթի շրջանակներում չկա ձերբակալված անձ:

–00—ՅՄ