Ինչու հեռացավ «Նիկոլի Արամը»․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
ՀՀ ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի անակնկալ հեռացման մասին երեկ բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում։ Շատերի համար շոկային էր՝ ինչո՞ւ է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին, որին նախկինում Արգամիչի Արամ էին ասում, իսկ իշխանափոխությունից հետո՝ «Նիկոլի Արամ»՝ Փաշինյանին հավատարմության համար։ Չնայած ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարար դառնալու օրվանից ցանկություն է ունեցել ազատվել համակարգի երկարամյա պաշտոնյայից, սակայն Փաշինյանի հովանավորության շնորհիվ Հովհաննիսյանը մնացել է` չխորշելով անգամ Եռաբլուրում որդեկորույս մայրերին քարշ տալու հրահանգից։ Ըստ համակարգի աղբյուրների, նրան ազատելու հիմքեր վաղուց կային եւ շատ էին: Մեկն իր որդին էր: Դեռ մի քանի տարի առաջ նա իր տնտեսագետ ավագ որդուն՝ Կառլենին, Մասիսի ՄՌՈՒ-ի պետ էր դարձրել` առանց մասնագիտական կրթության: Հետո մամուլը գրեց, որ նա փողով վարորդական վկայականներ է տալիս, եւ քրեական վարույթ է հարուցվել: Բայց իշխանական շրջանակներում այս պաշտոնանկությունը կապում են Փաշինյանի ծննդյան օրվա հետ:
Իբրեւ թե ոստիկանապետը հունիսի 1-ին պատշաճ չի կազմակերպել միջպետական մայրուղու Սեւանի ճանապարհը «փակելու» գործը: Հիշեցնենք, որ Փաշինյանի 50-ամյակը նշել են Սեւանի կառավարական ամառանոցում: Ասում են, թե շատ է ջանք դրել` շուտ է փակել ճանապարհը, եւ երբ Փաշինյանն անցել է կորտեժով, սպասող վարորդները տեւական ազդանշաններով «ողջունել» են նրան։ Բացի այդ, ողջ Երեւանը ողողված էր «Շնորհավոր, քեռի Նիկոլ» եւ «Չենք վստահում» մակագրությամբ պաստառներով: Մեզ պատմեցին, որ Արամ Հովհաննիսյանը, որը Փաշինյանի տարեդարձի հյուրերից է եղել, առաջիններից է հեռացել, հավանաբար, Փաշինյանը հենց այնտեղ է ասել` դիմումդ գրի։ Նրան կփոխարինի Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանը:
–00—ՍՊ