Բաքուն Երևանի ղազիի ինստիտուտի վերականգնմամբ «պատասխանում է» Երևանին և Մայր Աթոռին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Monument watch. 2025 թվականի մայիսի 22-ին «Կովկասի մուսուլմանների վարչության» ղեկավար (շեյխ ուլ-իսլամ) Ալլահշուքյուր Փաշազադեն հայտնեց, որ ադրբեջանական կողմը «վերաբացում է» Երևանի ղազի համակարգը (ղազիյաթ) և նշանակում Երևանի ղազիին: Ղազին աստվածաբան-դատավորն է, որը վերահսկում է կրոնական սպասավորների գործունեությունը, վարում շարիաթական գործերը (ամուսնություն, ապահարզան, ժառանգության հարց և այլն):
Հարկ է նշել, որ Անդրկովկասի տարածքում ցարական կառավարության հրամանով դեռևս 1872 թվականին ստեղծվել էին հոգևոր վարչություն շիա և սունի բնակչության համար, որը պետք է ղեկավարեր Անդրկովկասի մահմեդականների հոգևոր կյանքը: Վարչության ղեկավարը կոչվում էր շեյխ ուլ-իսլամ: Վարչության իրավասությունը նախքան 1917 թվականի հեղափոխությունը տարածվում էր Թիֆլիսի, Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի, Քութայիսիի նահանգներում, Բաթումիի, Կարսի, Դաղստանի մարզերում, Զաքաթալայի և Սուխումիի շրջաններում (Փաշայան 2014, 14, Ավոյան 2020, 129-134): Այսինքն, ստեղծված կառույցը պիտի հոգար Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի վարչական շրջաններում բնակվող մահմեդական բնակչության հոգևոր կարիքները: Կառույցը չի ունեցել ազգային դիմագիծ, իսկ վարչական առումով ներառում էր Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի վարչական միավորները: Կառույցում միայն շեշտվում էին և միավորվում իսլամի երկու ուղղությունները՝ շիա և սուննի մահմեդականությունը:
Հոգևոր այս կառույցի հետ կապված հետագա սահմանափակումները հետևանք էին խորհրդային կարգերի հաստատման, 1927-1929 թվականներին կրոնի և կրոնական կառույցների դեմ ուղղված խորհրդային օրենքների, ինչի հետևանքով Կովկասի մուսուլմանների վարչությունը սահմանափակվեց միայն Ադրբեջանով: Նշենք, որ հատկապես Հեյդար Ալիևի կառավարման տարիներին Կովկասի մուսուլմանների կառույցին ամեն կերպ տրվեց «ազգային» դիմագիծ, այն ադրբեջանականացվեց և սկսեց արտահայտել միմիայն ադրբեջանական կողմի շահերը (Փաշայան 2014, 46-57):
Ադրբեջանական լրատվականները Երևանի ղազիի ինստիտուտի վերականգնումը ոչ պաշտոնապես մեկնաբանում են որպես Ադրբեջանի պատասխանը Երևանին և Մայր Աթոռին, որն ըստ իրենց պետք է վերացնի Արցախի թեմը: Ադրբեջանական կողմը պատճառաբանում է նաև, որ իբր «Արևմտյան Ադրբեջանում պատմականորեն եղել է նման կառույց, որը փակվել է խորհրդային կարգերի հաստատումից և Հարավային Կովկասում ժողովրդագրական փոփոխություններ անելուց հետո»:
Այսպիսով, կարող ենք հավաստել, որ պաշտոնական Ադրբեջանն ի սկզբանե այլ նպատակներով ստեղծված հոգևոր կառույցը կիրառում է իր նեղ շահերի համար: Ինչի ցուցիչը Երևանի ղազիի ինստիտուտի «վերականգնումն» է՝ վերջին տարիներին անդադար հնչող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթի ներքո:
–00—ՍՊ