Ինչու Փաշինյանի հանդիպումը ուսանողների հետ ԵՊՀ գիտխորհրդից տեղափոխվեց Պալյանների դահլիճ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Երևանի պետական համալսարանում այս պահին ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ուսանողների հետ։ Ընդ որում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ուսանողներին «ապահովել են» մի քանի ֆակուլտետների դեկաններ՝ այդ թվում Ժուռնալիստիկայի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, որոնց դեկանները հայտնի են օրվա իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունքով։
Հետաքրքիր է, որ ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում, սակայն վերջին պահին փոխվել է Պալյանների դահլիճ։ 24News-ի տեղեկությունների համաձայն, Փաշինյանի թիկնազորը ցանկացել է ամբողջությամբ ստուգել գիտխորհրդի դահլիճը, որի համար պետք էր քանդել այդ պատմական դահլիճի (պատկերացնում եք, թե ինչպիսի մտավորականներ են այնտեղ եղել – խմբ.) աթոռներն ու սեղանները, սակայն որոշ համալսարանականներ ընդվզել են։
Որպեսզի հարցն ավելի հեշտացնեն ու ապահովեն Փաշինյանի անվտանգությունը համալսարանականներից, որոշում է ընդունվել հանդիպել ընտրյալ ուսանողների հետ Միջազգային հարաբերությունների Պալյանների դահլիճում։
Հավելենք նաև, որ այս պահին ողջ համալսարանը գտնվում է «ռազմականացված վիճակում», ՊՊԾ աշխատակիցներն ու ոստիկանները փակել են բոլոր մուտքերը, ուստի և ԵՊՀ բակում աշխատող լրագրողները ոչ մի կերպ չեն կարողանում մոտենալ կառավարության ղեկավարին, որ հարցնեն իր աղմկահարույց հայտարարությունների ու հայհոյանքների մասին՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներին։
Ի դեպ, ԵՊՀ ռեկտոր, իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը նաև մասնագիտությամբ աստվածաբան է, լրագրողների հետ զրույցում հրաժարվեց գնահատական տալ վարչապետի գրառումներին՝ ասելով, թե նա իբր հանդես է գալիս այս պահին իբրև Մայր բուհի ղեկավար, այլ ոչ թե աստվածաբան։
–00–ԱՀ