Երևանում՝ Նոր Նորքում, կրկին թալանել են էլեկտրոնային ծխախոտների խանութը

26/05/2025 17:41 Ներքին կյանք

Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հերթական խանութի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գայի պողոտա 16/20 հասցեում գործող «Սմոլ հաուս Արմենիա» խանութը թալանել են։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մայիսի 24-ի ժամը 22։00-ից միչև մայիսի 25-ի ժամը 09։50-ն ընկած ժամանահատվածում անհայտ անձը, կոտրելով նշված խանութի երկաթե դուռը, մտել է ներս և այնտեղից հափշտակել էլեկտրոնային ծխախոտներ։

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել  է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

–00—ՅՄ