Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

24/05/2025 15:54 Ներքին կյանք

Մայիսի 24-ին, ժամը 10:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է․ առկա է դիզելային վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել ճանապարհի լվացման և կցորդիչի հովացման աշխատանքներ:

Բեռնատարը հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է:

–00–ԱՀ