Վեհափառը քահանա հայրերին պատգամեց բարձր գիտակցությամբ և նվիրումով շարունակել ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց եկեղեցականների վերապատրաստման դասընթացներին մասնակից Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ամփոփելով ծրագրի 2023-2025թթ․ ընթացիկ փուլը, որին մասնակցել է շուրջ 400 անձ, անդրադարձավ դասընթացների օգտակարությանը։ Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ծրագրի և մասնակից հոգևորականների նկատմամբ հայրական հոգածության համար։
Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հովվապետը գոհունակություն հայտնեց վերապատրաստման ընթացքում արձանագրված արդյունքների առնչությամբ՝ ընդգծելով աստվածաբանական գիտելիքների վերաթարմացման, հովվական փորձառության փոխանակման, ինչպես նաև Եկեղեցու և հասարակության առջև ծառացած մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումների կարևորությունը։
Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը բերեց Վահան Սրբազանին և վերապատրաստման ծրագրերի փոխտնօրեն Տ. Շնորհք աբեղա Սարգսյանին դասընթացների կազմակերպման գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ տեղեկացնելով, որ դասընթացները հաջորդ փուլում կկազմակերպվեն ըստ տեսական ու գործնական աստվածաբանության թեմատիկ ուղղությունների՝ մերօրյա մարտահրավերներին և հոգևոր սպասավորության արդի պահանջներին համապատասխան։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին պատգամեց կոչման բարձր գիտակցությամբ և անվերապահ նվիրումով շարունակել իրենց ծառայությունը Եկեղեցուն, ազգին ու հայրենիքին՝ իրենց համայնքներում ամենուր հայորդիներին համախմբելով ի խնդիր հայրենիքում առկա դժվարությունների հաղթահարման և երկրի հզորացման:
–00—ՍՊ