Սարգիս Գալստյանի դատավճիռն անփոփոխ թողնելու որոշումը կբողոքարկվի
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի դատավճիռն անփոփոխ թողնելու որոշումը կբողոքարկվի։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2024թ նոյեմբերի 22-ին հրապարակել է Սարգիս Գալտսյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան և դատապարտելով ազատազրկման՝ 18 տարի ժամկետով։ Այս դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել՝ թե՛ պաշտպանության, թե մեղադրանքի կողմից։ Դատախազությունը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատական ակտը՝ դատապարտելով Գալստյանին ցմահ ազատազրկման, պաշտպանության կողմը՝ բեկանել դատական ակտը և արդարացնել Գալստյանին։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի, Լուսինե Հովհաննիսյանի, մերժել է Սարգիս Գալստյանի վճռի դեմ կողմերի բողոքները՝ թողնելով վճիռն անփոփոխ։
Վերաքննիչ դատարանի որոշման հետ պաշտպանության կողմը համաձայն չէ։ Սարգիս Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դատական ակտը դեռևս չի ստացել, ստանալուց հետո բողոք կներկայացնի։ Դատախազությունը ևս դեռևս չի շտապում հրաժարվել Սարգիս Գալստյանի ցմահ դատապարտման պահանջից, հնարավոր է վճռաբեկ բողոք ներկայացվի։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկեն բողոքարկման հարցը։
Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրև որպես «պարետ», թեև Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք ևս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երևան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։
ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Գալստյանը նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքից հրաժարվել է, քանի որ այն տրվել էր հարկադրանքների ներքո։
–00–ԱՀ