Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց տարածքին. կան զոհեր, վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Երկու կողմերն էլ հայտնել են մարդկային կորուստների և ավերածությունների մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը խոցել են 105 անօդաչու սարք, որոնց մեկ երրորդը թռչում էր Մոսկվայի ուղղությամբ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայիսի 22-ի գիշերվանից խոցվել է Մոսկվա թռչող 31 անօդաչու։ Ժամանակավորապես սահմանափակվել է «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը։ Մոսկվայի վրա հարձակումները և օդանավակայանների փակումը շարունակվում է արդեն երկու օր։ Մայիսի 21-ին Սոբյանինը հայտնել էր 27 ԱԹՍ-ի խոցման մասին։
Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից մեկ մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, Telegram-ում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Տուլայում ուկրաինական ԱԹՍ-ն բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին, վնասվել են նաև այլ բնակելի տներ, տուժել է երկու մարդ։
Լիպեցկում, Տուլայում, Վլադիմիրում և Օրյոլի մարզում ԱԹՍ-ների հարձակման ժամանակ անջատվել է շարժական ինտերնետ կապը։
Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ լույս մայիսի 22-ի գիշերը Ռուսաստանը 128 ԱԹՍ է արձակել երկրի վրա, որոնցից 74-ը խոցվել են, մյուսները կորել ռադարներից կամ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Արձակվել է նաև մեկ «Իսկանդեր-Մ» հրթիռ»։
Տուժել են Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Նիկոլաևի մարզերը։
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերի կողմից Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի գնդակոծության հետևանքով առավոտյան երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Խերսոնում առավոտյան ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։
–00–ԱՀ