Խոնարհումից արվեստ. հիշատակելով Պոնտոսի հույների ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանության ինստիտուտում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Մայիսի 19-ին Հայաստանի հունական համայնքների միությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ոգեկոչման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Հունաստանի հյուպատոս Էմանուիլ Ասիմակոպուլոսը, Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ։
ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Անդրադարձ կատարվեց հույն եկեղեցական և հասարակական-քաղաքական գործիչ, 1913-1923 թթ. Տրապիզոնի մետրոպոլիտ Խրիսանթոս Ֆիլիպիդիսի գործունեությանը:
Այնուհետև տեղի ունեցավ հիշատակի միջոցառում «Վերապրումից հիշողության փոխանցում. Հունաց ցեղասպանությունը և սերունդների առաքելությունը» խորագրով, որի ընթացքում ցուցադրվեցին Արիստոտելի համալսարանի պոնտոսագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեոդոսիոս Կիրիակիդիսի, գերմանացի հայագետ Թեսսա Հոֆմանի և Միջազգային հունական համալսարանի պրոֆեսոր Թեոֆանիս Մալկիդիսի տեսաուղերձները։ Զեկուցումով հանդես եկավ ՀՑԹԻ-ի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը:
Միջոցառման շրջանակում ցուցադրվեցին նաև Արարատի «Ար ստուդիա»-ի և Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի «Էմ Արտ» նկարչական ստուդիայի սաների աշխատանքները` «Անցյալի արձագանքը մանկական երևակայության մեջ. Հույների ցեղասպանությունը երեխաների արվեստում» խորագրով:
–00—ՍՊ