Բյուրականի աստղադիտարանում հաշվել են չլուծված խնդիրը՝ փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը»

21/05/2025 07:59 Ներքին կյանք

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր Ղազարյանի հեղինակությամբ «Gravitation and Cosmology» ամսագրում տպագրել է գիտական  հոդված` «On the Kinetic Recession Velocities of Astronomical Objects» (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2022, Vol. 28, No. 2, pp. 186–195), որում հեղինակը սահմանել և հաշվել է աստղագիտական մարմինների հեռանալու իրական՝ «կինետիկ» արագությունը, ինչն այդ մարմինների «կարմիր շեղման» ցանկացած արժեքների դեպքում մշտապես մնում է փոքր «վակուումում լույսի տարածման» արագությունից: Նման պարագայում ֆիզիկայի «պատճառականության» հիմնարար սկզբունքն այլևս չի խախտվում։ Նա հաշվել է նաև ֆիզիկական մեծ կարևորություն ունեցող մեկ այլ բնութագրիչը՝ Տիեզերքի ընդարձակման հետևանքով աստղագիտական մարմինների շարժման մեջ ներառվելու չափաբաժինը:

«Աստղագիտության համար հիմնարար վերոնշյալ խնդիրը միայն մասնավոր դեպքն է ֆիզիկայում գոյություն ունեցող՝ կորագիծ տարածություններում մարմինների  «հարաբերական արագությունը» հաշվելու ընդհանուր, առավել բարդ, «դասական» խնդրի։ Դա 1915թ.-ից մինչև օրս չլուծված կարևորագույն  խնդիր էր մնում Այնշթայնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ: Խնդրի դժվարությունը պայմանավորված է նրանով, որ տարածության «կորության» առկայությունը պարզապես անհնար է դարձնում մարմնի արագության վեկտորի, այսպես կոչված, «զուգահեռ տեղափոխությունը» այդ տարածության մեջ, առանց որի հնարավոր չէ հաշվել «հարաբերական արագությունը»։ 2023թ.-ին, հաղթահարելով նշված բարդությունը, լուծեցի այդ ընդհանուր խնդիրը կամայական Ռիմանյան տարածության համար,- ասաց Գագիկ Տեր Ղազարյանը։

Այս մասին նա գիտական հոդված է տպագրել «Gravitation and Cosmology» ամսագրում` «Coordinate-Independent Definition of Relative Velocity in Pseudo-Riemannian Space-Time: Implications for Special Cases»  (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2023, Vol. 29, No. 1, pp. 62–73)։ Հոդվածում հեղինակը կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար սահմանել և հաշվել է փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի տեսագծի նկատմամբ ընդհանուր դեպքում։

«Որպես դրա կիրառություն՝ այդ արագությունը հաշված է ֆիզիկական մի շարք կարևոր մասնակի դեպքերում՝ Մինկովսկու մետրիկայի համար, կամայական ստացիոնար մետրիկայի համար, երբ փորձնական մասնիկը և դիտորդը հանգստի վիճակում են, համասեռ գրավիտացիոն դաշտի դեպքում, պտտվող կոորդինատական համակարգի համար, Շվարցշիլդի մետրիկայի համար, Կեռի տիպի մետրիկաների համար, Ռոբերտսոն-Ուոլկերի մետրիկայի համար»,- նշեց Գագիկ Տեր Ղազարյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.05․2025թ․–00—ՍՊ